Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անհաջող արտահայտություննե՞ր, թե՞ «հաճոյախոսություն»

Անհաջող արտահայտություննե՞ր, թե՞ «հաճոյախոսություն»
13.05.2018 | 10:19

Ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը մեկնաբանել է իր փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի սկանդալային ելույթը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում: «Միխայիլ Լեոնտևի խոսքերն ընդհանուր ոչինչ չունեն Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ: Ընկերությունը հարգում է հայ ժողովրդի և Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, ակտիվ աշխատում է տարածաշրջանում և երաշխավորում է պայմանագրային պարտավորությունների իրականացումը»,- ասված է հայտարարությունում: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը մինչ այդ անհաջող էր անվանել Լեոնտևի ելույթը: «Այդ խոսքերը ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշման հետ, ընդհանուր ոչինչ չունեն և չեն կարող ունենալ բարեկամության և եղբայրության այն ջերմ զգացմունքների հետ, որոնք պատմականորեն կան Ռուսաստանի մոտ հայ ժողովրդի հանդեպ»,- ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել. «Տվյալ դեպքում անհաջող արտահայտություններ էին, որոնց պետք չէ ուշադրություն դարձնել»:
Միխայիլ Լեոնտևը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ ամբողջ պատմության ընթացքում Հայաստանը ծանր բեռ է եղել Ռուսաստանի համար, որն «արյունով, կյանքով, փողերով, գազով, զորքերով փրկել է այդ ժողովրդին», նաև քննադատել էր ընդդիմության քաղաքական ակցիաները երկրում։


Գուցե կարելի էր պատմությունը համարել սպառված, եթե ինքը` Լեոնտևը, շատ ինքնատիպ հերքում չաներ: Պարզվում է` նրա նվազագույնը ոչ կոռեկտ ու ցինիկ արտահայտությունների պատճառը հայերիս յուրային համարելն է: Փաստորեն Լեոնտևի տիպի ռուսները հարգում են միայն ոչ յուրայիններին կամ չեն հարգում իրենց, որ իրենց իրավունք են վերապահում «յուրայինների» հետ այդ տոնով խոսել և բացահայտ սադրանքը համարել… խորապես հայամետ հայտարարություն:


«Դա խորապես հայամետ հայտարարություն էր, դրա իմաստն այն է, որ հայերն ու Հայաստանը մեզ համար օտար չեն, և մենք թույլ ենք տալիս մեզ խոսել նրանց հետ այնպես, ինչպես խոսում ենք յուրայինների հետ, այդ թվում՝ երբեմն կոշտ, երբեմն վիրավորական, սակայն անկեղծ: Դա հաճոյախոսություն էր, վստահության նշան»` չգիտես արդարացել, թե մեղադրել է «անհասկացող հայերին» Միխայիլ Լեոնտևը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լեոնտևը ոչ առաջինն է, ոչ վերջինը: Նրա ցինիզմի հետ մրցել դժվար է, գնահատելն` անհեթեթ: Այդպիսին է ռուսական անհասկանալի հոգին` յուրայիններին խփում է, որ օտարները վախենան: Օտարներին խփում է, որ յուրայինները չարխայնանան: Ի վերջո` խփում է ինքն իրեն, որ անհավասարությունը վերանա: Իսկ ընդհանրապես` խնդիրը բնավ էլ լեոնտևները, դուգինները, կուրղինյաններն ու նրանց նմանները չեն, խնդիրը Կրեմլի ու Կրեմլի վերահսկողության տակ գործող քարոզչամեքենայի սխալ ուղղությունն է` երբ աշխարհում կա մի պետություն Ռուսաստանը, իսկ մյուս բոլոր պետությունները ստեղծվել են Ռուսաստանին խանգարելու համար: Մայիսի 14-ին կհիշեցնի՞ Լեոնտևի մասին ՌԴ նախագահին ՀՀ վարչապետը, թե՞ կհամարի «մանրուք» միջպետական բարձր հարաբերություններում:

Դիտվել է՝ 3662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ